Ընտանեկան բռնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ընտանեկան բռնության մասին իրազեկմանը նվիրված մանուշակագույն ժապավեն

Ընտանեկան բռնություն, նաև օգտագործվում է տնային բռնություն կամ կենցաղային բռնություն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մեկ զուգընկերոջ կողմից մյուսի նկատմամբ կրկնվող բռնություն։ Հիմնականում մտերիմ զուգընկերների միջև միակողմանի բռնությունը որակավորվում է որպես տնային կամ ընտանեկան բռնություն, երբ զուգընկերները գտնվում են երկարաժամկետ հարաբերությունների մեջ, որոնց օրինակներ են օրինական կամ քաղաքացիական ամուսնությունը, երկարատև սիրային հարաբերությունները, ընտանեկան կամ ազգակցական կապը և այլն։ Տնային բռնությունը կարող է հանդես գալ տարբեր ձևերով, որոնցից են ֆիզիկական բռնությունը (հարվածում, կծում, ծեծ, հրում, իրերի նետում, սանձում), սեռական բռնաբարումը, հետապնդումը, հուզային ճնշումը (գոռոց, հայհոյանքներ, սպառնում), պասիվ ճնշումը (անտարբերություն, արհամարհում) և տնտեսական զրկումը։

Բռնի պահվածքը կարող է զուգորդվել հարբեցողությամբ[1] և հոգեկան խանգարումներով[2], որոնք բարդացնում են ընտանեկան բռնության կասեցումը։

Տնային բռնության մասին իրազեկությունը, հասարակական ընկալումը, իրավական սահմանումը և քրեական պատժելիությունը տարբերվում են երկրից երկիր, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում։ Գրեթե բոլոր արևմտյան երկրներում տնական բռնությունը քրեականացված է, ի տարբերություն զարգացող երկրների, որոնցից շատերում այս տիպի բռնությունը չի պատժվում օրենքով, որոշ երկրներում էլ համարվում է ընդունված կարգ ընտանիքներում։ Օրինակ 2010 թ. Արաբական Էմիրությունների Գերագույն Դատարանը որոշեց, որ ամուսինը իրավունք ունի իր կնոջը և երեխաներին ֆիզիկական ուժով պատժելու, եթե պատժի հետևանքում տեսանելի վնասվածքներ չեն մնում[3]։ Հասարակական ընդունելիությունը տնական բռնության հանդեպ նույնպես տարբերվում է երկրից երկիր։ Զարգացած երկերներից շատերում տնական բռնությունը համարվում է անընդունելի բնակչության մեծամասնությոն կողմից, սակայն երկրագնդի այլ մասերում հասարակական կարծիքները կարող են տարբերվել սրանից. ըստ ՅՈՒՆԻՍԵՖի հարցման, 15-49 տարեկան կանայք, որոնք արդարացի են համարում ամուսնու կողմից կնոջ ծեծելը հատուկ հանգամանքներում, կազմում են 90% Հորդանանում, 85.6% Գվինեայում, 85.4% Զամբիայում, 85% Սիերա Լեոնեում, 81.2% Լաոսում, և 81% Եթովպիայում[4]։

Հայաստանում ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացված չէ, սակայն կա ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարարության կողմից մշակված համապատասխան օրենքի նախագիծ[5], որը մերժվել է ՀՀ կառավարության կողմից 2013 թ. հունվարին[6]։

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարական մարմինների սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության Կանանց Հանդեպ Բռնություններով զբաղվող բաժինը սահմանում է ընտանեկան բռնությունը (domestic violence) որպես․ «կամայական հարաբերություններում բռնի վարքագիծ, որն ուղված է մեկ մտերիմ զուգընկերոջ կողմից մյուսի նկատմամբ իշխանության ձեռք բերմանը և ենթարկության հարկադրմանը կամ պահպանմանը»։ Սահմանումը նաև ավելացնում է, որ ընտանեկան բռնության կարող է ենթարկվել կամայական անձ՝ անկախ տարիքից, սեռական օրիենտացիայից, կրոնական նախասիրություններից, սեռից և ռասայական պատկանելիությունից։ Նշվում է նաև, որ ընտանեկան բռնությունը կարող է հանդես գալ տարբեր ձևերով, որոնցից են ֆիզիկական, սեռական, հուզային, հոգեբանական և տնտեսական բռնությունները[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]